
Շատերը գիտեն, Արարատի մարզի Շաղափ գյուղի մատույցներում` Արարատյան 110 հասցեյում գտնվող յուրահատուկ հուշահամալիրի մասին: Դա «Փառքի տարածք»-ն է, որն անտարբեր չի թողնում, իր կողքով անցնողներից և ոչ մեկին:
Շաղափում է ապրում և արարում նաև հուշահամալիրի հիմնադիրը, ով իր խոսքով` դեռ բազում անելիքներ ունի և դեռ մեծ ճանապարհ ունի, անցնելու:
Էդվարդ Լևոնի Միրզոյանը ծնվել է 1963 թվականին, Արարատի մարզի Շաղափ գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ծառայել է խորհրդային բանակում:

1984 թվականին, վերադառնալով զինծառայությունից, սկսել է զբաղվել պարարվեստով` սովորել է Երևանի պարարվեստի քոլեջում, իսկ հետո աշխատել, որպես պարուսույց, իր հայրենի Շաղափ գյուղի կուլտուրայի տանը, դարձել «Շատախ» խմբի ղեկավարը:
Արցախյան ազատամարտն ու անկախության համար մղվող շարժումը սակայն, կտրուկ փոխեցին արվեստի նվիրյալի ճանապարհն ու նա ընտրեց զենքի ուղին:
1988 Էդվարդ Միրզոյանը դարձավ Արցախյան շարժման ակտիվ անդամներից: Իր առաջին կամավորական ջոկատի կորիզը դարձան, հենց իր պարախմբի տղաները: Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանով, մեկնեց Արցախ և իր տղաների հետ մասնակցել Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին:
Հեռավոր 1990 թվականին, դեռևս այն ժամանակվա Գերագույն Խորհրդի թիվ 420 որշմամբ ստեղծված հատուկ գնդին կամավորագրվելով` դարձավ 54-րդ անդամը և նշանակվեց Արարատի վաշտում, ջոկի հրամանատար: 1992-ի մայիսի 6-ին, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ վիրավորվել է, դարձել 2-րդ խմբի հաշմանդամ: Ապաքինվելուց հետո` 1995-ից մինչև 2001թ.-ը, աշխատել է Պաշտպանության նախարարությունում: Այնուհետև 4 անգամ ընտրվել է, Շաղափ գյուղի ավագանու անդամ, զբաղվել հասարակական ակտիվ գործունեությամբ:
2010 թվականին հիմնադրել է Արցախի և Հայաստան աշխարհի միասնությունը խորհրդանշող «Փառքի տարածք» հուշահամալիրն ու լծվել այն վերջնական տեսքի բերելու աշխատանքներին, իսկ 2013-ին հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակը, զոհված ազատամարտիկների սխրանքների հավերժացումն է և մատաղ սերնդների ռազմահայրենասիրական ոգու դաստիրակությունը:
Իր ծավալած գործունեության համար, բազմիցս պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի նախագահների, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից:
Ամուսնացած է և ունի երեք զավակ:
Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի