
Հունվարի 18-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում մեկնարկեց
«Հին Հայաստանի մշակույթը» խորագիրը կրող 16-րդ գիտական նստաշրջանը:
Գիտաժողովի բացմանն անմիջապես հաջորդեցին բանախոսությունները, որոնց շրջանակներում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները ներկայացրեցին Օլդուվայան մշակույթի նորահայտ կայանները Տավուշի մարզում (Հյուսիսային Հայաստան), Մուշականի կայաններից հայտնաբերված քարե գործիքների համալիրների ուսումնասիրության արդյունքները, Ստորին պալեոլիթի նորահայտ հուշարձանները (2007-2014 թթ. պեղումների նախնական արդյունքները), Հայաստանի միջին պալեոլիթի փուլաբաժանման համակարգը, Անատոմիապես ժամանակակից մարդու կայանների ուսումնասիրության նախնական արդյունքները, Ակնաշենը` Արարատյան դաշտավայրի առաջին երկրագործներին (2013-2015թթ. պեղումների հիմնական արդյունքները), Գետահովտի պեղումների նախնական արդյունքները (2013-2014 թթ.), Արենի 1 քարայրի ուսումնասիրության արդյունքները (2009-2014թթ.), Ներքին Գոդեձորի 2009-2014 թթ. պեղումների արդյունքները, Գեղարոտի Կուր-Արաքսյան բնակատեղին (երկրագործական համայնք 2100 մ բարձրության վրա) և Հնագիտական պեղումները Մարգահովտում:
Բանախոսությունների շարքն ավարտվեց հարց ու պատասխաններով և ընհանուր քննարկմամբ:
Հավելենք, որ «Հին Հայաստանի մշակույթը» խորագիրը կրող գիտաժողովի 16-րդ նստաշրջանի մյուս բանախոսությունները տեղի կունենան հունվարի 19-ին և 20-ին, որոնցից հետո էլ տեղի կունենա նստաշրջանի փակման արարողությունը:
Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի